Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Գերչեւան նախագահին հանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը:

Դաֆինա Գերչեւան իր հերթին գոհունակություն է հայտնել գերազանց համագործակցության առթիվ, որի վկայությունն է համարել 2010-2015թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիրը: Նշելով, որ անցած տարի հաջողությամբ ավարտվել է ծրագրի առաջին փուլը, իսկ ներկայումս սկսվել է երկրորդը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը կայուն զարգացմանն աջակցելն է, եւ ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերը համապատասխանեցված են Հայաստանի առաջնահերթություններին, որոնց թվում են աղքատության կրճատման, հանրային ծառայությունների` կրթության, առողջապահության հասանելիության ապահովման, ապակենտրոնացման, աղետների դեմ պայքարի խնդիրները:

Երկրի ղեկավարի խոսքով` այն արժեքները, որոնց դավանում է ՄԱԿ-ը որպես կազմակերպություն, դավանում է նաեւ Հայաստանը որպես պետություն, ուստի մեր շահերն ընդհանուր են: