Առաջիկա մի քանի օրերին անձնագրային խնդիրները լուծելուց եւ փաստաթղթերը ստանալուց հետո հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանը գալու է Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ժամեր առաջ կալանավայրից դուրս եկած, արդեն նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

Նա նշեց, որ կայցելի Ջավախք, իսկ անձնագրային խնդիրները լուծելուց հետո անպայման կգա Հայաստան: «Անմիջապես գալու եմ, կարոտել եմ Երեւանը»,- ասաց նա: Վահագն Չախալյանը նշեց, որ ծրագրերի մասին առայժմ վաղ է խոսել. սակայն զբաղմունքի փոփոխություն չի լինելու, «զբաղվել եմ նրանով, ինչով զբաղվել եմ»:

Վահագն Չախալյանը նշեց, որ 5 տարի բանտում անցկացնելիս եւ բոլոր դժվարությունները հաղթահարելիս նրան օգնել է հավատը, «հավատը, որ մի օր ազատության մեջ կհայտնվի, հավատը Աստծո, սեփական պայքարի ճիշտ, արդար լինելու, եւ, իհարկե, սկզբից մինչեւ վերջ իր կողքին գտնվող ընկերների, կազմակերպության հանդեպ»: Նախկին քաղբանտարկյալը նշեց, որ սա իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է, բայց ամենաերջանիկը առջեւում է:

Իր ազատ արձակվելը նա պայմանավորում է մի շարք գործոններով, այդ թվում` Բիձինա Իվանաշվիլիի իշխանության գալով: Նա ցանկանում է հավատալ Նոր Վրաստանի գաղափարին, որ երկու ժողովուրդների միջեւ վերջապես բարեկամություն կհաստատվի, քանի որ «մեկս մեկիս օգնության, լավ հարաբերությունների կարիքն ունենք»: Նրա խոսքով` Իվանաշվիլու իշխանությունը այն իշխանությունն է, որն այդ ամենը գիտակցում է: Վահագն Չախալյանը չի շտապում մեծ հույսեր կապել նրա հետ, բայց միեւնույն ժամանակ շեշտում է` «հույսեր կան»:

Նշենք, Վահագն Չախալյանը բանտում մնացել է հինգ տարի: Նրան կալանավորել էին 2008թ. հուլիսի 21-ին, 2009թ. ապրիլի 7-ին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ «Հանրային կարգը խախտող միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» եւ «զենք պահելու» համար: