Սահմանադրական դատարանը այսօր` հունվարի 25-ին, մերժել է «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը` կապված թիվ 1 ընտրատարածքում անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ էլ գիտեր, որ մերժելու են, պարզապես դիմում էր` պետական բոլոր ատյանները սպառելու համար: Այժմ նախկին պատգամավորը դիմումը թարգմանում է, որպեսզի ուղարկի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ նա պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի թիվ 12-Ա որոշումը: Համաձայն այդ որոշման` պատգամավոր էր ընտրվել Երեւանի քաղաքապետի ազգականը՝ Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը:





























