Ադրբեջանի Իսմայիլի շրջանի միջադեպը նման է «արաբական գարնան» սկզբին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Երբ երկրի ղեկավարին փոխելու հնարավորություն չկա, երբ երկրում իշխանության մենաշնորհ եւ ավտորիտար վարչակարգ է, գործազուրկ երիտասարդություն, իսկ բնակչության միջին տարիքը բավական երիտասարդ է, եւ այդ եռանդուն զանգվածը աշխույժ հասարակական կյանքով է ցանկանում ապրել, իսկ դա թույլ չի տալիս հին, ավտորիտար, դաժան համակարգը, այդ ամենը հասարակության շրջանում պոռթկման են հանգեցնում։ Օրինակ, Թունիսում զանգվածային բողոքները սկսեցին այն բանից հետո, երբ առեւտրականը ինքնահրկիզում կատարեց։ Իսմայիլիի դեպքերը նման են թունիսյան նախադեպին»,- նշել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանի հասարակայնությունն աշխուժացել է եւ ցանկանում է ինքնադրսեւորվել։
Քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները զանգվածային անկարգություններից խուսափելու հնարավորություն ունեն, եթե բողոքը ճնշելու փոխարեն խնդիրները լուծեն. «Սակայն եթե խռովությունները եւ դժգոհությունը աճեն, Արեւմուտքը կանցնի ընդդիմադիրների կողմը»։
Քաղաքագետը չի բացառում, որ պաշտոնական Բաքուն դժգոհությունները կփորձի ղարաբաղյան հարցի դեմ ուղղորդել. «Դա փորձված հնարք է, երբ բնակչության սոցիալական խնդիրներն անլուծելի են, հասարակության դժգոհությունը կարելի է փոխարինել ազգայնականությամբ։ Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը փորձի սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում»։





























