Ոչ ոք իրավունք չունի ընտրությունների ելքը կանխորոշված անվանել: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Թալին քաղաքում:
«Մեր երեխաներին այդ համոզմունքով մեծացնել չի կարելի: Միայն Աստված է որոշում, թե ինչն է կանխորոշված: Ուստի պետք է նայել ոչ թե հարցումների թվերին, այլ ձեր ընտանիքներին եւ կարիքներին: Թեկուզ ձեր դեմ կրկին ելնեն կեղծիքով ու ստով, եթե Թալինի եւ ողջ հանրապետության ընտանիքները որոշեն իրենց խոսքը գործ դարձնել, հայ ժողովուրդը 20 տարվա մեջ առաջին անգամ կստանա այն իշխանությունը, որին արժանի է»,- հայտարարել է Ր.Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ հաղթանակը որեւէ առանձին թեկնածուի չի պատկանելու: «Դա Րաֆիի հաղթանակը չէ: Հինգ տարուց կարող է այլ ղեկավար հայտնվել, բայց այդ հաղթանակը ոչ թե մեկ առանձին թեկնածուի, այլ բոլորի հաղթանակն է»:
Նա նաեւ նշել է, թե չի սիրում վիրավորել մրցակիցներին: «Ես կոչ եմ հղել իմ հիմնական մրցակից Սերժ Սարգսյանին: Որպես անցած ճանապարհ ու կենսագրություն ունեցած մարդու, Արցախյան հաղթանակում ավանդ ունեցող մարդու: Այո, ես ասում եմ, այդ մասին: Իմ կանոններով չի մրցակիցներին մրոտելը, բայց ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհել հայրենիքը, նրա հարստությունները տալ օտարերկրացիներին եւ օլիգարխներին: Մեր երկրի հարստությունը պատկանում է բոլորիս»,- ասել է Հովհաննիսյանը:





























