Ադրբեջանական կողմը շարունակում է «սուր ճոճել», այս անգամ` համացանցի միջոցով: Հերթական գլուխգործոցը, որի նպատակը հայերին «վախեցնելն է», ԱՊԱ գործակալության հրապարակումն  է` «Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում է  Հայաստանի օդային տարածքը» վերնագրով: Հրապարակումը հավակնում է  «հետաքննության» ժանրին:

Չկասկածելով հարեւան պետության պատրաստակամությանը` գնել ամեն ինչ, ինչ կրակում է  եւ պայթում` անկախ որակից, NEWS.am-ի թղթակիցը դիմեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանին` որոշ պարզաբանումների համար:  Ինչպես եւ ենթադրվում էր, ադրբեջանական գործակալության «հետաքննությունը»  բավականին «յուրօրինակ լույսի» ներքո է ներկայացվել:

Մասնավորապես հողորդվում է  Ադրբեջանի կողմից « EL/M-2080 Green Pine» տեսակի հակահրթիռային համակարգի ձեռք բերման մասին: «EL/M-2080 Green Pine» համակարգը կարող է հետեւել 300մ/վ արագությամբ միաժամանակ շարժվող ավելի քան 30 նպատակետի,  եւ ավտոմատ հրամանով դրանք  կարող են ոչնչացվել  «Arrow» հրթիռով»,-տեղեկացնում է գործակալությունը:

«Թույլ տվեք իմանալ, իսկ ո՞վ ասաց, որ ադրբեջանական բանակն «Arrow» ունի: Այդ սպառազինությունը չի վաճառվում առնվազն երկու պատճառով. դա Իսրայելի գերժամանակակից սպառազինություն է, եւ գումարած դրան` ամերիկա-իսրայելական մշակում է,  իսկ ԱՄՆ-ը համաձայնություն չի տա նրա վաճառքին»,-նկատեց  ռազմական փորձագետը:

«Ադրբեջանական բանակը հագեցած է նաեւ S-200 «Vega»-ով, միջին հեռահարության  S-300PMU-2 «Ֆավորիտով» (200 կմ հեռահարությամբ):  Համեմատության համար նկատենք, որ  այդ ցուցանիշով Ադրբեջանը գերազանցում է Թուրքիային` հակաօդային  պաշտպանության տեսակետից»,-պարծանքով նշում է  ադրբեջանական գործակալությունը:  «Թղթի վրա կարելի է գրել ինչ ասես: Հայտնի՞ է S -200 հրթիռով թիրախի ոչնչացման որեւէ հայտնի դեպք, բացի Ուկրաինայի վրա «Տու-154»-ի ողբերգական ոչնչացումը: Բայց չէ՞ որ այդ համալիրը մի քանի տասնյակ տարի սպառազինված է»,-նշեց Արկադի Գրիգորյանը`ավելացնելով, որ «Ֆավորիտի»` 200 կմ հեռահարության  մասին խոսակցությունները պարզապես հեքիաթ են: «Դա օճառի պղպջակ է: Աշխարհին նման տվյալներ հայտնի չեն»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ փորձագետն ուշադրությունը հրավիրեց ոչ պակաս կարեւոր «հանգամանքի»` ֆզիկային եւ աշխարհագրությանը: «Ֆիզիկայի օրենքներով` նման «հաջող թռիչքը` հեռահարության տեսանկյունից» անհնար է հարթավարից դեպի լեռներ պայմաններում: Դրանք հեքիաթներ են երեխաների  եւ ոլորտից անտեղյակ մարդկանց համար»,-նշեց Ա. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է «Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողությանը», ապա այդ պնդումը պարզապես ծիծաղելի է: «Հետեւել` չի նշանակում վերահսկել: Վերահսկելը ոչ թե նպատակը տենելն է, այլ ստիպելը, որ այդ նպատակը ենթարկվի: Այդ տրամաբանությամբ Մոզամբիկն էլ իրավունքի ունի հայտարարել, թե «վերահսկում է» ԱՄՆ-ի օդային տարածքը»,-  նկատեց ռազմական փորձագետը: