Թբիլիսիում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքից կազմակերպվող բարեգործական միջոցառումները: Վիրահայոց թեմի մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին սիրով իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության պատկանող երգ-երաժշտության վարպետ կատարողներ:
Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, համայնքային կառույցների պաշտոնեության եւ հասարակայնության ներկայացուցիչներ:
Համերգը սկսվեց մարտական գործողությունների հետեւանքով ռմբակոծությունների ենթարկված Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասի ներկա իրավիճակն արտացոլող կադրերի ցուցադրմամբ, որն ուղեկցվում էր կիթառի մելամաղձոտ նվագով:
Հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացան միջազգային մրցույթների հաղթող եւ «Գրան պրի » մրցանակի դափնեկիրներ Նաթիա Մդինարաձեի, Ռեգինա եւ Քրիստինե Մեհրաբովաների, Լիզի Ռամիշվիլիի, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Եսայի Աբովյանի , Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի դերասանուհի Իրինա Թաբորիձեի,Վրաստանի ֆիլհարմոնիայի մեներգչուհի Սվետլանա Տատոեւայի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Ինալ Ջիոեւի, Անրի Մեհրաբովի եւ այլոց վարպետ կատարումները:
Բարեգործական համերգին մասնակցության համար միջոցառումների կազմկոմիտեն շնորհակալագրեր հանձնեց համերգի բոլոր մասնակիցներին: Տոմսերի վաճառքից մուտք գործած գումարը կփոխանցվի «Սիրիահայերի օգնության հիմնադրամ»:
Վիրահայոց համայնքում շարունակվում է բարեգործական միջոցառումների շարքը:





























