Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ բռնությունների կանխարգելման բաժնի եւ դրան առընթեր ստեղծված փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը հերթական մշտադիտարկման շրջանակներում այցելել էր Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Երեւանի թիվ 11 հատուկ դպրոց: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՄԻՊ գրասենյակից:

Դպրոցում սովորում է 73 երեխա, որոնք տարբեր մարզերից են, հիմնականում` անապահով ընտանիքներից: Հատուկ դպրոցն իր աշխատանքը իրականացնում է հանրակրթական ծրագրով, ինչն իր հերթին բավական դժվարություններ է ստեղծում երեխաների համար. այսօր դպրոցում 73 երեխաներից տառաճանաչ է մոտ 25 երեխա:

ՄԻՊ-ի աշխատակիցները արձանագրել են, որ դպրոցի հատուկ մասնագետները` հոգեբանը, սոցիալական աշխատողը երեխաների համապատասխան կարգավիճակի (մտավոր թերզարգացվածություն ունեցող երեխաներ) հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար չունեն հստակ աշխատանքային չափորոշիչներ: Հատուկ դպրոցում բուժսպասարկումը նույնպես կանոնակարգված չէ, եւ Առողջապահության նախարարության կողմից սահմանված 0-18 տարեկան երեխաների արտահիվանդանոցային բուժսպասարկման չափորոշիչները դպրոցի բուժանձնակազմին հասանելի չեն: Աշխատանքային խումբը արձանագրել է նաեւ, որ Խարբերդի մանկատնից թիվ 11 հատուկ դպրոց տեղափոխված հաշմանդամություն ունեցող 10 եւ ավելի երեխաների թոշակը փոխանցվում է խնամակալին (Խարբերդի մանկատանը), մինչդեռ այս երեխաները փաստացի բնակվում են հատուկ դպրոցում, եւ նրանց բոլոր հոգսերը հոգում է դպրոցը: