2013թ. փետրվարի 20-22-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի կունենա Kaspersky laboratory ընկերության կողմից անցկացվող տեղեկատվական անվտանգության հարցերով «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ» փուլը։

Եզրափակիչ փուլը տեղի կունենա այս տարվա հունիսին, Լոնդոնում, որին կմասնակցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում մինչ այդ կայացած ընտրական հինգ փուլերի հաղթողները։

Հայաստանում ընթանալիք կոնֆերանսի աշխատանքները կհամակարգի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Գեւորգ Մարկարովը, ով այդ պատվավոր մրցույթի հանձնաժողովի անդամներից է։

Կոնֆերանսին կմասնակցեն ուսանողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի եւ Ուկրաինայի բուհերից: Այս կոնֆերանսն ուսանողներին հնարավորություն կընձեռի կենդանի շփում ունենալ տեղեկատվական անվտանգության բնագավառի առաջատար մասնագետների հետ, միջազգային շփման փորձ կուտակել, կատարել փորձի եւ գիտելիքի փոխանակում, ինչպես նաեւ մասնագիտական հմտություններ ձեռք բերել, ինչը կնպաստի սեփական կարիերային:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Ներկայացված աշխատանքների թեմաներն են.

- նոր հարթակներ. նոր մարտահրավերներ,

- ամպային համակարգերի, վիրտուալացնող ծառայությունների եւ տեղեկատվության մեծ ծավալների մշակման ենթակառուցվածքների անվտանգություն,

- տեղեկատվության պաշտպանության հեռանկարային տեխնոլոգիաներ,

- կորպորատիվ ենթակառուցվածքի անվտանգություն,

- տեղեկատվական անվտանգության բնագավառի կրթություն։

Կոնֆերանսի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության դիպլոմներ եւ հուշանվերներ, իսկ լավագույն 3 աշխատանքների հեղինակները կարժանանան դրամական մրցանակների եւ կմեկնեն Լոնդոն՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար։ Հաղթողների համար նախատեսված են հետեւյալ դրամական մրցանակները. 1-ին տեղ՝ 1000 ԱՄՆ դոլար, 2-րդ տեղ՝  750 ԱՄՆ դոլար եւ 3-րդ տեղ՝ 500 ԱՄՆ դոլար։

Կոնֆերանսին ներկա լինելու համար ցանկալի է նախապես գրանցվել ընկերության կայքէջում`«Kaspersky laboratory» ընկերությունը համակարգիչների պաշտպանության համար նախատեսված ծրագրային լուծումներ արտադրող աշխարհի չորս լավագույն ընկերություններից է։ Այն տեղեկատվական անվտանգության բնագավառի առավել դինամիկ զարգացող ընկերություններից է, որն իր գործունեությունն է իրականացնում աշխարհի ավելի քան 200 երկրում, տեղական ներկայացուցչություններ ունի 30 երկրում, նրա արտադրանքը եւ տեխնոլոգիաներն օգտագործում են ավելի քան 250 հազար կորպորատիվ հաճախորդ եւ 300 մլն վերջնական սպառող ամբողջ աշխարհում։

ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի համագործակցությունը «Kaspersky laboratory» ընկերության հետ ունի 6 տարվա պատմություն: Ամբիոնն անդամակցում է նաեւ Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից եւ գործիքներից, ինչպես նաեւ ժամանակակից ուսումնական պաշարներից: