Հունվարի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես եւ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգեւներ է հանձնել ոստիկանության մի խումբ ծառայողների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 1993 թ. հունվարին ՆԳ նախարարության մի խումբ ծառայողներ գործուղվել են Գորիս եւ հարակից շրջաններ՝ պաշտպանելու երկրի սահմաններն ու պահպանելու հասարակական կարգը: Ազատամարտի դժվարագույն հատվածներից մեկն էր, եւ հավաքական ջոկատի մարտիկներն անմիջապես մտան մարտական գործողությունների մեջ: Հունվարի 31-ի լուսաբացին թշնամին հարձակում ձեռնարկեց մեր դիրքերի ուղղությամբ ու ջախջախվեց. ոստիկանները կասեցրին այդ եւ հետագա ոտնձգությունները:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Հայաստանի սահմանների պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու, խիզախություն եւ անձնվիրություն ցուցաբերելու համար, ինչպես եւ ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը պարգեւատրվել է «Սխրագործության համար» մեդալով, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Խառատյանը՝ մարտական ատրճանակով, ոստիկանության փոխգնդապետ Լեւոն Կարապետյանը, ոստիկանության մայոր Արմեն Սարգսյանը, պաշտոնաթող գնդապետ Վալերի Պետրոսյանը եւ պաշտոնաթող փոխգնդապետ Գագիկ Բոյաջյանը՝ «Մարտական զորակցություն» մեդալով:
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Քննչական գլխավոր վարչության եւ ենթակա ստորաբաժանումների գործունեությունն արդյունավետ կազմակերպելու եւ ղեկավարելու համար ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պարգեւատրվել է մարտական ատրճանակով:




























