Մենք որեւէ քաղաքական նկատառում կամ ծրագիր չունենք իրականությունը ռազմական միջամտության եղանակով փոխելու, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան` BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում խոսելով հարավօսական եւ աբխազակա հակամարտությունների մասին:

«Միակ բանը, որ ուզում ենք անել, գտնել միջոցներ, որոնց միջոցով ավելի սերտ կհամագործակցենք նրանց հետ տնտեսական, ենթակառուցվածքային եւ այլ ոլորտներում: Դա, կարծում եմ, շատ ճիշտ մոտեցում է, որը հնարավորություն կտա ապագայում փոխգործակցության հասնել աբխազների, օսերի եւ վրացիների միջեւ: Նաեւ հնարավորություն կտա հետագայում բանակցություններ սկսել քաղաքական կարգավիճակի մասին»,- ասել է նա:

Հարցին, պատրա՞ստ է արդյոք Վրաստանը ստորագրել ուժի չկիրառման հռչակագիր, Ալասանիան պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ստորագրել հռչակագիրը, բայց դա պետք է համարժեք լինի իրականությանը, իսկ իրականություն այն է, որ Ռուսաստանը զավթել է մեր տարածքները, իսկ դա լինելու է հռչակագրի մասը»: