Մոսկվայի Տրիումֆալնի հրապարակում սկսել են ձերբակալել չարտոնված ակցիայի մասնակիցներին, որը կազմակերպվել էր «Ռազմավարություն-31»-ի շրջանակներում: Ակտիվիստները հրապարակ էին եկել «Դրուգայա Ռոսիա» կուսակցության անդամ Ալեքսանդր Դոլմատովի նկարով պաստառներով, ով Նիդերլանդներում ինքնասպան էր եղել` քաղաքական ապաստան ստանալու խնդրանքը մերժվելուց հետո:
Ձերբակալությունների մասին Twitter-ում հայտնել է «Կոմերսանտ FM»-ի թղթակից Ուլյանա Մալաշենկոն: Բլոգեր Իլյա Վարլամովը գրել է, որ ձերբակալվածների շարքում է «Դրուգայա Ռոսիա»-ի առաջնորդ Էդուարդ Լիմոնովը: Ականատեսները նշել են «զանգվածային ձերբակալությունների» մասին:
«Ռազմավարություն-31»-ի մասնակիցները ամեն ամսի 31-ին հրապարակում հանրահավաք են կազմակերպում ի պաշտպանություն հավաքների ազատության: Ամեն անգամ կազմակերպիչները դիմում են Մոսկվայի քաղաքապետարան, սակայն մշտապես մերժվում են:





























