Հայաստանի արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի այսօր` հունվարի 31-ին անցկացված նիստում նախազգուշացում է  հայտարարվել Երեւանի 4 վարչական շրջանների դատավորների նկատմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից: Նախազգուշացում է արվել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին։ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին։ 

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին։Արդարադատության խորհուրդը քննության առնելով նաեւ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի եւ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Շահոյանի դիմումները եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով եւ ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշմամբ, որոշեց դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` վերջիններիս լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: