«Կառավարության՝ ԱԺ-ին ներկայացրած օրենսդրական փաթեթը, որ ենթադրում է ավելացնել տեղական հարկերի տեսակները, մեծ քննարկումների տեղիք է տվել ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ կոալիցիոն որոշ ուժերի՝ „Բարգավաճ Հայաստան“ եւ ՕԵԿ խմբակցությունների կողմից»,- փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նշելով, որ իրենք դեմ են առաջարկվող 10 հարկատեսակների փաթեթի ընդունմանը՝ նա ՀՅԴ դիրքորոշումը բացատրեց մի շարք հանգամանքներով. «Մեր առարկությունները վերաբերում են նրան, թե ի՞նչ սկզբունքներով են սահմանվել այս հարկատեսակները, որքանո՞վ է այս առաջարկը բավարարում նույն կառավարության կողմից հայտարարած տարածքային համաչափ զարգացմանը եւ արդյո՞ք այն քաղաքական ենթատեքստ չունի»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ իրենց անհամաձայնությունը բխում է 4 հիմնական դրույթներից՝ տնտեսական հիմնավորումներ, սոցիալական դրդապատճառներ, տարածքային համաչափ զարգացման հեռանկարներ եւ քաղաքական ենթատեքստ։
Արծվիկ Մինասյանի խորին համոզմամբ, կառավարությունն իր այս քայլով մեկ անգամ եւս ապացուցեց, որ հերթական «խորը չմշակված նախագիծն է ներկայացնում խորհրդարան»։
«Թեպետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հորդորով կառավարությունը 15 օրով հետաձգեց նախագծի քննարկումը, սակայն այդ ժամանակահատվածն էլ բավարար չէ, եւ այս փաթեթը վերակառուցման կարիք ունի»,- ամփոփեց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ փաթեթում տեղ գտած շատ հարկատեսակներ վերցված են Ադրբեջանից։
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում ԱԺ-ն քննարկել էր կառավարության կողմից ներկայացված հարկային նոր փաթեթը, որի համաձայն պետք է 10 նոր հարկատեսակներ սահմանվեն, սակայն ԱԺ նախագահի հորդորով քննարկումները 15 օրով հետաձգվել են։



























