Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր զայրույթն է հայտնում քաղաքական ականավոր գործիչ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ:
ՀԴԿ տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Միայն հայ ժողովրդի եւ հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել եւ կատարել այսօրինակ ստոր եւ սադրիչ արարքը:
Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը եւ հրահրել խառնաշփոթ, բնական հունից հանելու նախագահական ընտրությունների ընթացքը:
Բարձր գնահատելով մեր քաղաքական գործընկերոջ` Պարույր Հայրիկյանի ներդրումը պետականաշինության, ժողովրդավարացման ասպարեզում գտնոմ ենք, որ նրա դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը խարխլելու նպատակով:
Դատապարտելով կատարվածը` համոզմունք ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ մարմինները բոլոր հնարավոր միջոցները կօգտագործեն զազրելի հանցագործությունը շուտափույթ բացահայտելու, կազմակերպիչներին ու կատարողին խստագույնս պատժելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























