Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Գլխավոր դատախազը զրուցել է նախ գլխավոր բժշկի հետ եւ հետաքրքրվել Պ.Հայրիկյանի առողջական վիճակով, նրան պատճառված վնասվածքի բնույթով, ապա՝ Պ.Հայրիկյանի հետ, որի ժամանակ վերջինս գլխավոր դատախազին նկարագրել է նաեւ դեպքի մանրամասները։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական խմբի կողմից ստուգվում է։
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաեւ՝ դատաձգաբանական, դատամանրաթելային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միեւնույն տրամաչափի եւս 1 գնդակ։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։





























