Երեկ հրաշք կատարվեց, ընդամենը մեկ միլիմետր շեղում եւ փրկություն չէր լինի: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` լրագրողների հետ զրույցում պատմելով իր դեմ կատարված մահափորձի մասին:

«Տիրոջ կամքով չստացվեց այն, ինչ-որ ուզում էին, եւ դա իմ ուղղված չէ, անգամ  ուղղված չէ իշխանությունների դեմ, դա ուղղված է մեր պետության դեմ: Ես այդ բանը հաշվի առնելով մտածում եմ ընտրությունները հետաձգելու սահմանադրական իրավունքից չօգտվեմ»,- պատմել է Հայրիկյանը եւ հավելել. «ժամանակավոր հետաձգելը դա ընդունված կարգ է,  ես չեմ ուզում, որ մեր ժողովրդի, պետության հակառակորդները այս փաստը օգտագործելով ինչ-որ ձեռքբերում ունենան, որովհետեւ մեր երկրում կան մարդիկ, որոնք իբրեւ թե քաղաքական գործիչ են, բայց ասում են` որքան վատ, այնքան լավ»:

Հայրիկյանը նշել է, թե հասկանում է` ինչ պատկեր կստանա,  ինչ տպավորություն կունենա Հայաստանը, որ թեկնածուներից  մեկին ընտրություններից առաջ ուզեցին սպանել. «Ես միայն իմ կյանքը չէի պաշտպանում, հիմա եմ հասկանում, ակամայից փորձեցի թույլ չտալ, որ Հայաստանը հայտնվի ճահճի մեջ»:

Հարցին, թե ովքեր էին շահագրգռված իր մահվան մեջ, նա պատասխանել է. «Տարբեր վարկածներ կարող են լինել, բայց ինձ համար ակնհայտ էր, որ սա իհարկե քաղաքական նկատառումներով է արված, բայց եթե վնասակար պետք է լինի որեւէ մեկի համար, ապա նախեւառաջ՝ իշխանությունների, այնպես, որ նրանք, ովքեր ասում են, թե իշխանությունները արեցին, չէ,  ով էլ որ սա արել է, արել է մեր պետության դեմ: Ես միշտ խոսել եմ այլ պետությունների գաղտնի գործակալական ցանցերի մասին, որոնց նպատակն է, որ Հայաստանը թույլ լինի, որպեսզի իրենք իրենց այստեղ լավ զգան, չեմ բացառում նաեւ այդ տարբերակը: Ես գիտեմ, որ ես ամենաբարձր ռեյտինգ ունեցողը չէի, բայց գիտեմ, որ ամենարագը իմ վարկանիշն էր բարձրանում, դրանում կասկածի որեւէ նշուլ չկա»:

Թեկնածուի խոսքով, կարծես թե ամենավտանգավոր բանն անցել է: «Ես լավ եմ, ես չեմ սիրում վատ լինել ընդհանրապես եւ առողջապես, եւ քայլերով: Իմ մոտ դա ստացվում է: Իսկ երեկ հրաշք կատարվեց, ընդամենը մեկ միլիմետր շեղում եւ փրկություն չէր լինի: Երբ խոսեցին նոր ընտրություններ սկսելու մասին, ես ասացի, որ կարծում եմ, որ հիմա էլ կարող եմ  ոտքի կանգնել, մեկ շաբաթ հետո կկարողանամ բնականոն կյանքով ապրել»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: