Հայաստանի նախագահի ընտրությունները պետք է հետաձգել առնվազն երկու շաբաթով: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` Երեւանի Ազատության հրապարակում ամենամսյա ավանդական հանդիպմանը:
Այսօրվա հանդիպումը նա գրեթե ամբողջությամբ նվիրել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին` ընդգծելով, թե ընտրությունները պետք է պարտադիր հետաձգել երկու շաբաթով: Նրա խոսքով, երկշաբաթյա ժամկետն անհրաժեշտ է, հաշվի առնելով Հայրիկյանի ապաքինման ժամկետը, որպեսզի նա կարողանա վերադառնալ նախընտրական արշավին, հարկավոր է առնվազն մեկ շաբաթ: Բագրատյանը Հյրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել:
«Մեզ անհանգստացնում են իշխանությունների հայտարարությունները, նրանցից ինչ-որ մեկն ասում է` «Մենք չենք արել», իսկ մեկ ուրիշն էլ ընդհանրապես ընդդիմությանն է մեղադրում: Ես իշխանություններին խորհուրդ կտայի նման բառերի փոխարեն պարզապես բռնել հանցագործին, եւ հնարավորինս շուտ»,- ասել է Բագրատյանը: Նա բացառում է, որ ոստիկանությունն ի վիճակի չլինի գտնել հանցագործին:
Այդուհանդերձ, ըստ Բագրատյանի, իշխանությունները կարծես չունեն ընտրությունները հետաձգելու միտք: «Այն, որ դա չի ուզում իշխանությունը, հասկանալի է: Այդ դեպքում, ընտրությունները կկայանան մարտի սկզբին, ինչն իշխանությունների սրտով չէ: Բայց չեմ կարողանում հասկանալ, որ այդ ցանկությունը չունենան մյուսները»«- ասել է նա. «Եթե այժմ ստեղծված իրավիճակում իշխանությունները ընտրությունները անցկացնեն ժամանակին, ցույց կտան, թե ինչպես են վերաբերվում մյուս թեկնածուներին: Եւ կարելի է գուշակել` հաջորդ հինգ տարում կգտնեն հանցագործին, թե ոչ»: Եթե իշխանությունները չհետաձգեն ընտրությունները, իր կողմնակիցները երթ կանցկացնեն ենթադրաբար փետրվարի 15-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























