«Սինոպսիս» գիտաարդյունաբերական համալիրում փետրվարի 1-ին կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի Հաղթողների ակումբի անդամների եւ ՀՊՃՀ միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՊՃՀ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ Արկադի Խաչատրյանը, Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, «Յունիկոմպ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն ու այլք:

«Մենք լրջորեն աշխատում ենք ռազմական արդյունաբերության զարգացման ուղղությամբ, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերում, նոր լուծումների իրականացումը շատ կարեւոր են խելացի պաշտպանության համար: Մենք պետք է ամրապնդենք այդ կապը, միգուցե այս հանդիպումը հիմք ծառայի, որ միասին ավելի մեծ հաղթանակների հասնելու ուղիներ գտնենք փոքր սարքերի միջոցով»,- նշել է Սեյրան Օհանյանը` դիմելով Ակումբի անդամներին եւ ուսանողներին:

Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանին շնորհվել է Հաղթողների ակումբի պատվավոր անդամի կոչում եւ կրծքանշան է տրվել:

«Սինոփսիս» ընկերության առաջարկով եւ Հայաստանի նախագահի կողմից հաստատվածխ Հաղթողների ակումբը գործում է 2008 թվականից: