Երեւանի Արմենակյան փողոցի սկզբնամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Վերջիններս այսօր` փետրվարի 1-ին, ժամը 14.45-ին ահազանգ են ստացել, որ առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 2/4 շենքի մոտակայքում «Ավալոն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել փլվածք, որը կարող է հանգեցնել ճանապարհահատվածի փլուզմանը:

Փրկարարները եւ շինարարները, վերամբարձ կռունկի օգնությամբ, երկաթբետոնե արգելապատնեշները տեղափոխել են ճանապարհի միջնահատված, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի, իսկ վտանգը` ժամանակավորապես կասեցվել:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: