Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թ. հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր եւ նույնականացման քարտեր՝ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե  քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: Ընտրողը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել:

Եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր` այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար:

Քաղաքացին դիմումը պետք է ներկայացնի անձամբ:

Դիմումի հետ ներկայացվում է 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: 

Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար պետական տուրք չի գանձվում: Այն տրվում է դիմում ներկայացնելուց հետո անմիջապես: