Իշխանությունների վերաբերմունքն ընտրողների նկատմամբ արտահայտվում է չափազանց հստակ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը` Ազատության հրապարակում ամենամսյա ավանդական հանդիպմանը: Նրա խոսքով, հասարակության մեջ տրամադրությունները զարգանում են ոչ հօգուտ իշխանության: «Ես տեսնում եմ, թե ինչպես է օրեցօր փոխվում իրավիճակը: Տեսնում եմ հիմար հարցումները, որ նրանք անցկացնում են: Տեսնում եմ, որ իշխանությունները երկրորդ փուլ դուրս գալու լուրջ խնդիր ունեն: Ինչ-որ տեղ իրենց 65-70 տոկոս ձայն են գրել, նրանք չեն կարող այլ կերպ հաղթել, քան գումար բաժանելով»,- ասել է նա:
Ընտրակաշառքի մասին Բագրատյանին ասել են իրենք` ընտրողները: «Իմ ելույթներից մեկի ժամանակ ուղղակի էլ ասացին` ավելի աղմկեք, որ մեզ ավել գումար տան: Այո, դրան էլ հասանք»,- ասել է նա:
«Մենք այդ ամենը տեսնում ենք: Երեխաներ չենք: Ի՞նչ պահվածք էր Տավուշում, ի՞նչ բառեր, որ ասաց մարդկանց: Հաճախորդը նյարդայնանում է, նման դեպքերում ասում են: Այստեղից էլ համապատասխան վերաբերմունքն ընտրողների հանդեպ»,- ասել է Բագրատյանը եւ հավելել, որ նույնիսկ վերջում 500-1000 մարդ մնան, գնալու են Բաղրամյան 26:





























