Երեւանն ու Անկարան բանակցություններ են վարում Հայաստանից Թուրքիա ցեմենտի եւ ալյուրի արտահանման ուղղությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհրդի մամուլի պատասխանատու Ալին Օզինյանը:

Ընդ որում, նրա խոսքով, չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ինչ-ինչ զարգացմանը, պետական մակարդակով քայլեր դեռեւս չեն ձեռնարկվում:

Ինչպես նշել է Օզինյանը, խոսակցություն է գնում Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման մասին. «Ինձ հայտնի է, որ խոսակցություններ կան ցեմենտի եւ ալյուրի վերաբերյալ»: Նա նշել է նաեւ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առետրաշրջանառությունը միակողմանի է, քանի որ հայկական ապրանքների ներմուծումն արգելված է:

«Հայաստանից ապրանք է բերվում Թուրքիա, երբ այստեղ աշխատող հայ կանայք մի քանի շիշ կոնյակ եւ կոշիկ են բերում: Սակայն դա մեծ տոկոս չի կազմում»,- հավելել է Օզինյանը:

Հիշեցնենք, որ խորհրդի համանախագահ Քահան Սոյակն օրերս հայտարարել է, թե ապրանքաշրջանառությունն անցած տարի հասել է 300 միլիոնի՝ նշելով, որ բարդ է հստակ թիվ ասել, քանի որ ապրանքաշրջանառությունն իրականացվում է այլ երկրների միջոցով: