Թուրքիայի մայրաքաղաքում, Փարիզի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան դիմաց գտնվող անվտանգության աշխատակիցների համար նախատեսված շենքում տեղի ունեցած պայթյունի կազմակերպչի անունն արդեն հայտնի է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած պայթյունի հեղինակը՝ Էջեւիթ Շանլըն է՝ ծնված 1966 թվականին։

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտնել է, թե պայթյունի հեղինակը ձախակողմյան արգելված կուսակցության անդամ է։

Թուրքական TRT-ն, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները՝ նշել է, թե Էջեւիթ Շանլըն «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C) անդամ է եւ նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել պայթյուն կազմակերպելու համար, սակայն առողջական վիճակի պատճառով վաղաժամ ազատ է արձակվել։

Նշենք, որ հայտնի է դարձել, որ պայթյունի հետեւանքով տեղում մահացել է դեսպանատան ազգությամբ թուրք աշխատակիցներից մեկը եւ պայթյունը կազմակերպած մահապարտը։