«Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան երկրորդ տարելիցին` այսօր` փետրվարի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է այցելել ԴԱՀԿ-ի Կենտրոն բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը եւ կազմել արձանագրություն՝ օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ: Դա նշանակում է, որ եթե «Ժողովուրդ» օրաթերթը պարտվի դատարանում, հաշվառված գույքը կհանվի աճուրդի, որպեսզի վճարեն Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության 3 միլիոնը: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին «Ժողովուրդ» օրաթերթից:

Օրաթերթը նաեւ հիշեցնում է, որ դեռևս հունվարի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն էր տարածել, որ դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն: «Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ ՀՀ Դատական դեպարտամենտի կողմից: Մեզ փորձում էին հավաստիացնել, թե մեր մտահոգություններն անհիմն են, ավելին՝ տարբեր գերատեսչական հաղորդագրություններ էին տարածվում՝ պնդելով, թե «Ժողովուրդ» թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հայտարարության մեջ: