Քրեական հեղինակություն Ջեմալ Միքելաձեն (Միքաելյանը), Ջեմո մականունով,  ով Ասլան Ուսոյանի ենթադրյալ պատվիրատուների թվում էր, ձերբակալվել է Մոսկվայում թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ զինամթերք պահպանելու համար:

«Lifenews.ru»-ն, վկայակոչելով մերձմոսկովյան ոստիկանության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ձերբակալության պահին Միքելաձեի մոտ 5 գրամ սպիտակ փոշի է հայտնաբերվել, երկու նռնակ եւ ենթադրաբար կեղծ անձնագիր:

«Հիմա ես վատ եմ զգում: Ես ոչինչ չեմ հիշում: Այո, ես օրենքով գող եմ համարվում: Ի՞նչ մականուն: Մականուն չկա, չի եղել երբեք»,-հարցաքննության ժամանակ ասել է Ջեմալը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր  NEWS.am-ը,  Ռուսաստանի քրեական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ «Դեդ Հասանին» եւ «Յապոնչիկին» պատվիրել են մրցակից կլանի հին հակառակորդները` Մերաբ Ջենգվելաձեն (Մերաբ), Ջեմո Միքելաձեն (Ջեմո) եւ Ռովշան Ջանիեւը (Ռովշան Լենքորանսկի):

Նույնիսկ քննարկվում են մանրամասները, իբր Մերաբը ֆինանսավորել է պատվերը, Ջեմոն զբաղվել կազմակերպչական գործերով, իսկ Ռովշանը մարդասպանների խումբ հրավիրել Ադրբեջանից: Ընդ որում, նշվում է, թե օպերատիվ խումբը պատրաստ է եղել ձերբակալել մարդասպաններին Դեդ Հասանի սպանությունից ժամեր անց, սակայն ղեկավարությունը անհասկանալի պատճառով վերադարձրել է նրանց:

Նշենք, որ սպանությունից երկու օր առաջ Ուսոյանի մոտ ԱԴԾ աշխատակիցներ են եկել եւ Ուսոյանին հայտնել նախապատրաստվող սպանության մասին: «Եթե պատվիրել են, ուրեմն կսպանեն»,- ասել է Դեդ Հասանն ու գումար չի տվել տեղեկության համար: