ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գտնվում է հանրապետությունում եւ հանրապետությունից բացակայելու հանգամանքը չի պատճառ հանդիսացել, որ նա չի այցելել հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ` այսօր վաղ առավոտյան ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանմ այցելել են Պարույր Հայարիկյանին եւ իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնել:
«Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի աջակցել հնարավոր բոլոր խնդիրների լուծման գործում: Այս պահին իրավիճակն այսպիսին է: Եթե հավելյալ անհրաժեշտություն լինի Գագիկ Ծառուկյանն անպայմանորեն կայցելի Պարույր Հայարիկյանին»,- ավելացրեց Իվետա Տոնոյանը:
Հարցին, թե «հավելյալ անհրաժեշտություն» ասելով ի՞նչ նկատի ունի, Հայրիկյանի առողջական վիճակն ավելի վատաննա, նո՞ր միայն կայցելի նրան, Տոնոյանն արձագանքեց. «Ոչ, Աստված չանի: Այս պահին դեռեւս չի այցելել, իսկ առաջիկա անելիքների մասին հստակ, որեւէ բան այս պահին ասել չեմ կարող: Գագիկ Ծառուկյանը նաեւ ցանկություն է հայտնել, որ ամենասեղմ ժամկետներում մեղավորները բացահայտվեն եւ առողջություն է մաղթել Պարույր Հայարիկյանին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:



























