ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը այսօր՝ փետրվարի 8-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին եւ գրասենյակի տնտեսական հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Տիգրան Սուքիասյանին:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հանձնաժողովի եւ կազմակերպության համագործակցության ընթացքը, աջակցության կարիք ունեցող նոր ուղղությունները եւ այլն: Առաջիկայում Հանձնաժողովի եւ ԵԱՀԿ գրասենյակի համագործակցության հուշագիր կստորագրվի:
Մրցակցային իրավիճակի բարելավման համար որպես կարեւորագույն միջոց կողմերը նշեցին շուկաներում կենտրոնացվածության մակարդակի իջեցումը եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, որի համար, ըստ Հանձնաժողովի նախագահի, խոչընդոտ է հանդիսանում «երկարատեւ» փողերի բացակայությունը, բիզնես սկսելու համար վարկերի ոչ մատչելի լինելը:
Հանձնաժողովը մտադիր է մարզերում տիրող մրցակցային իրավիճակը գնահատելու, առավել բարելավելու, արդյունավետորեն հսկելու միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզային այցելությունների շարք սկսել, որին աջակցելու պատրաստակամություն հայտնեց նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը:



























