Պարույր Հայրիկյանը եւ ԱԱԾ-ն ամենակարճ ժամկետներում պետք է կազմեն կրակողի ֆոտոռոբոտը եւ տարածեն, որովհետեւ մինչեւ բացահայտված չեն հանցագործության իրականացնողները  եւ կազմակերպիչները, բացի Սերժ Սարգսյանից բոլոր թեկնածուները գտնվում են վտանգի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:

Միաժամանակ ավելացրեց, որ Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո տապալվեց այն տեսակետը, որ Հայաստանում լինելու են քաղաքակիրթ ընտրություններ ինչպես իշխանությունները նախապես հայտարարում էին: «Կոտրվեց նաեւ այն համոզումը, որ Հայաստանում ընտրությունների ելքը կանխորոշված է»,- ավելացրեց Անդրեաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց եւ պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին էր միացել նաեւ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը: