Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված եւ վիրահատված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այս պահին հարցաքննում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը: 

Նշենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի ենթարկվելու փաստի առթիվ ստեղծված օպերատիվ քննչական խմբի կողմից մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնք ստուգվում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Նա նշել էր, որ քրեական գործով կատարվում են օպերատիվ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական, մատնադրոշմային, դատաձգանական եւ այլ փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է: Այլ մանրամասներ Արծվին Բաղրամյանը չհաղորդեց՝ ելնելով նախաքննության շահերից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: