Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը եւ որոշել մերժել այն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Անդրիաս Ղուկասյանը նշում է, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը:
Դիմումատուն չի տվել համաձայնություն` այդ հոլովակում իր պատկերն օգտագործելու համար: Ըստ Անդրիաս Ղուկասյանի` հոլովակն իր բովանդակությամբ քաղաքացիների մոտ կարող է ստեղծել թյուր պատկերացում, թե Սերժ Սարգսյանն աջակցել է Մաշտոցի պուրակում 2012թ. ապրիլ ամսին քաղաքացիական անհամաձայնություն արտահայտած քաղաքացիներին: Նշված դիմումով ԿԸՀ-ից պահանջվում է միջոցներ ձեռնարկել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նկատմամբ` արգելելով վերջինիս իր քարոզչության մեջ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատկերի օգտագործումը եւ թյուր տեղեկատվության տարածումը:
Դիմումի քննության արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստել է, որ թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվության հանրային ընկալման գնահատման, առավել եւս դրանով պայմանավորված սանկցիաներ կիրառելու իրավասություն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պատճառաբանական հատվածում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որեւէ օրենք չի արգելում Հանրապետության Նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում եւ նյութերում օգտագործել այլ անձանց պատկերող տեսարաններ: Ինչ վերաբերում է կոնկրետ դիմումով ներկայացված փաստական հանգամանքին, ապա, ուսումնասիրելով «Ազատ ու ինքնավստահ Հայաստան» անվանումը կրող քարոզչական բնույթի հոլովակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ դիմումատուի նշած դրվագը վերաբերում է Հանրապետության:
Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (Այ Էֆ Ի Էս) hայաստանյան մասնաճյուղի ղեկավարին:





























