Ղարաբաղյան հիմնախնդիրը չափազանց խորացել է արագ եւ հեշտ կարգավորելու համար: Այդ մասին Փարիզում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Ըստ «Ռոսբալտ»-ի՝ Ս. Նարիշկինը նշել է, որ հարկ է իրատեսորեն նայել ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝  սխալ կլիներ հակամարտության արագ հանգուցալուծում ակնկալելը: Նարիշկինը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների խոչընդոտ է անվանել հանրաքվեի հարցը՝ նշելով, որ այն լուծելի է:

ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակը կտրականապես դեմ է եղել  ֆրանսիացի պատգամավորներից մեկի՝ «Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան բանակցային հրապարակին» տրված գնահատականին: Դուք «Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան բանակցային հրապարակը» ձախողված եք համարում: Ես համամիտ չեմ նման գնահատականին», – ասել է Նարիշկինը:

Խոսնակը նշել է, որ եռակողմ բանակցությունների արդյունքներն այսօր արդեն ակնհայտ են. մշակվել է համաձայնեցված դիրքորոշումների շարք, որոնցով կարելի է առաջ շարժվել: «Արդյունքներ կան, եւ դրանք վատը չեն», – հավելել է Ս. Նարիշկինը: