Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 9-ին` 09:05-ին, հակառակորդի դիպուկահարի գնդակից սպանված պայմանագրային զինծառայող, 1976թ-ին ծնված Մհեր Եղշատյանին կհուղարկավորեն վաղը: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը, հավելելով, որ Մհեր Եղշատյանը 3 անչափաաս երեխաների հայր էր, ամենափոքր երեխան երկու տարեկան է,Մհեր Եղշատյանը տան միակ աշխատողն էր:

Եղշատյանն ընտանիքով բնակվում էր Մովսես գյուղում՝ ուրիշի տանը. «Մհերի ընտանիքը բնիկ Մովսես գյուղից է, ապրել են հայրական տանը, երեք եղբայր են, հետո ամուսնացել ու առանձնացել են, Մհերն էլ տեղափոխվել էր ուրիշի տուն»,-ասաց նա, հավելելով, որ վաղ առավոտյան՝ 09:05-ին դիպուկահարաի կրակոցն է եղել, իսկ հիմնական կրակոցները եղել են դեպքի նախորդ օրը՝ փետրվարի 8-ին. «Երեկ առավոտյան ինքը զոհվել է, հետո ժամը 15:00-ի կողմերը արդեն սկսվել են կրակոցները մինչեւ երեկոյան 20:00-ն»: Գյուղապետի փոխանցմամբ կրակոցների ժամանակ դժվարություններ են առաջացել սպանված զինծառայողի մարմինը տուն տանելու ժամանակ. «Կրակոցների ժամանակ գյուղում մենք կանգնեցրեցինք մեքենաների շարասյունը, հետո մարմինը արդեն հայրական տուն ենք տեղափոխել, քանի որ հայրական տունը ավելի անվտանգ է»: Սահմանամերձ Մովսես համայնքը ունի շուրջ 1400-1500 բնակիչ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս ս.թ. փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (ծնված 1976թ., Բերդի զ/կ):