Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, այսօր` փետրվարի 11-ին, ստորագրել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների եւ ծառայությունների հասանելիութունը, ինչպես նաեւ ամրապնդել ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության կարողությունը` կառավարելու Կենսական նշանակության ճանապարհային ցանցը:
Մասնավորապես նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 147 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքներ, մոտ 23 կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում եւ ընթացիկ պահպանություն, ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տվյալների բազայի ձեռքբերում եւ ներդրում, ճանապարհային երթեւկության անվտանգության ծրագրի իրականացում:
Փոխառությունը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ, փոփոխվող տոկոսադրույքով (6-ամսյա LIBOR+փոփոխական սփռվածք (spread))` համաձայն ՎԶՄԲ-ի ստանդարտ պայմանների:
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2017թ. հունիսի 30-ը:





























