Գվատեմալան հայտնվել է ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ, որի պատճառը սուրճի պլանտացիաներում մոլեգնող վիրուսն է: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:
Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը սնկի կայուն տեսակն է, որ բուսյերը վարակում է այսպես կոչված «ժանգով»: Փոքրիկ պետության գանձարանի լցման հիմնական աղբյուրը սուրճի հատիկների արտահանումն է, եւ բերքի ավելի քան 70 տոկոս կորուստը կարող է ծանրագույն հետեւանքներ ունենալ:
Վիրուսի պատճառով արդեն 100 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Սուրճի բիզնեսում զբաղված է մոտ կես միլիոն մարդ, եւս 700 հազարն աշխատանքի են ընդունվում բերքահավաքի ժամանակ:
Նախագահ Օտտո Մոլինան 14 միլիոն է հատկացրել բյուջեից սուրճ արտադրողներին աջակցելու համար: Ֆերմերների համար նաեւ հատուկ կուրսեր են բացվել, թե ինչպես պայքարել վիրուսի դեմ:
Սուրճի ժանգ հայտնաբերվել է նաեւ Հոնդուրասում, Սալվադորում, Կոստա-Ռիկայում եւ Պանամայում, սակայն այնտեղ դեռ չի հասցրել նման լուրջ վնաս պատճառել:





























