Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Թուրքիային 12 հազար եվրոյի փոխհատուցում վճարել` երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների գործողությունների դեմ բողոքի հիման վրա, ովքեր գավառական մի քաղաքում բնակիչների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ ծեծել էին հանդիպման մասնակիցներից մեկին:
Միջադեպը տեղի է ունեցել 2007 թվականին, ճանապարհի նոր հատվածի բացման արարողության ժամանակ, որին Էրդողանը ներկա է եղել թիկնապահների ուղեկցությամբ:
Հանդիսավոր արարողության ընթացքում Էրդողանի հասցեին վիրավորանքներ են հնչել, որի հեղինակը Արաքլի բնակավայրի 49-ամյա բնակիչն է եղել, ով ձերբակալվել է: Ոստիկանություն տեղափոխելու ճանապարհին նրան ծեծի են ենթարկել Էրդողանի թիկնապահները: Իրավապահ մարմինները հրաժարվել են ընդունել ծեծի ենթարկվելու վերաբերյալ քաղաքացու բողոքը, իսկ դատարանում հաշվի չեն առել բժշկական տեղեկանքները, որոնք հաստատում են ծեծի փաստը:
Ծեծի ենթարկված քաղաքացին Եվրադատարան է դիմել 2009-ի փետրվարին, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ այս գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելք):





























