Եթե Ադրբեջանը 25 տարի առաջ իմանար, թե ինչպիսին կլինի իրավիճակը քառորդ դար անց, պատերազմ չէր սկսի: Այդ մասին, այսօր` փետրվարի 12-ին, Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք շարունակելու ենք աշխատանքը, ինչպես արել ենք մինչ օրս` հակազդելոց ոչ թե կոնկրետ հայտարարություններին կամ արկածախնդիր քայլերին, այլ հետեւողականորեն աշխարհով մեկ տարածել ճշմարտությունը: Անցած տարիներին մեզ էապես հաջողվեց անել դա, եւ եթե Ադրբեջանը 25 տարի առաջ իմանար, թե ինչպիսին կլինի իրավիճակը քառորդ դար անց, պատերազմ չէր սկսի»,- ընդգծել է նախագահը` հավելելով, որ Ադրբեջանը չգիտի, թե ինչպիսին կլինի իրավիճակը 25 տարի անց, այլապես իրեն խաղաղ կպահեր բանակցությունների ժամանակ եւ զիջումներ չէր պահանջի շանտաժի լեզվով:
Նա նկատել է, թե հայկական կողմի հնարավորությունները ֆինանսական առումով զիջում են ադրբեջանականին: «Ես նկատի ունեմ կաշառքը, միջոցների վատնումը, անտրամաբանական հայտարարությունների տարածումը»,- նշել է նա եւ հավելել, թե ադրբեջանական կողմի ֆանտազիան գերազանցել է ցանկացած չափ: «Բանը հասել է Երեւանն ադրբեջանական տարածք հռչակելուն: Նման մեթոդներով գործող ընդդիմախոսի հետ մրցման մեջ մտնելն անիմաստ է»,- ասել է նախագահի թեկնածուն:





























