Թաիլանդի կառավարական զորքերի հետ մարտերում 17 իսլամիստ գրոհային է զոհվել: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, հայտարարել է Թաիլանդի զինված ուժերի` էթնոկրոնական հակամարտության հարցով պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Փրամոթ Փրոմ-Ինը: Նրա խոսքով` ավելի քան 100 գրոհայիններ, ինքնաձիգներով եւ նռնակատեներով զինված, այսօր առավոտյան հարձակվել են ծովային հետեւակի ստորաբաժանման վրա, որտեղ եղել է 60 զինվոր: Գրոհայիններն առանց տարբերանշանների զինվորական հագուստներով եւ զրահաբաճկոններով են եղել:

«Այդ խոշոր ռազմական բախման ընթացքում սպանվել է 17 գրոհային: Ծովային հետեւակի զինծառայողների կողմից կորուստներ չկան»,-հայտարարել է գնդապետը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գնդապետը հավելել է, որ ծովային հետեւակայինները «պատրաստ էին հարձակմանը, քանի որ հետախուզությունը սպասվող գրոհի մասին տեղեկատվություն է ստացել մի քանի նախկին գրոհայիններից, որոնք վերադարձել են խաղաղ կյանքի»: