Metallica խմբի երաժիշտները խնդրել են ամերիկյան զինվորականներին` իրենց երաժշտությունը չօգտագործել դատապարտյալների հարցաքննությունների ժամանակ: Այդ մասին Esquire հանդեսին հայտնել է ծովային հետեւակայինը, ով մասնակցել է Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը:
Հատուկ ջոկատայինի խոսքով, խմբի երաժշտությունն օգտագործվել է հարցաքննություններից առաջ` կասկածյալներին «մեղմացնելու» նպատակով: Իմանալով այդ մասին` Metallica-ի երաժիշտները խնդրել են դադարեցնել այդ պրակտիկան` որպես պատճառ նշելով բռնություն չհրահրելու իրենց ցանկությունը:
Զինվորականները խնդրանքը կատարել եւ սկսել են օգտագործել քրիստոնեական ծանր ռոք նվագող Demon Hunter խմբի երգերը: Demon Hunter-ի երաժիշտները ոչ միայն չեն վրդովվել, այլ ընդհակառակը, ուղարկել են իրենց բոլոր ալբոմները:
Ծանր ռոքը որպես կտտանքի եղանակ օգտագործելու մասին հայտնի էր դարձել մի քանի տարի առաջ` հարուցելով շատ երաժիշտների զայրույթը:




























