Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը խստորեն դատապարտում է գրող Աքրամ Այլիսլիի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից կիրառված ազատությունը ոտնահարող քայլերը:
Հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» ամսագրի կայքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կողմից հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվել է.
«Այս գործողությունները հանդիսանում են հայերի հանդեպ ատելությունն ինստիտուտուցիոնալացրած, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայությանը տիրել ցանկացող Ալիեւյան դինաստիայի բռնատիրական կարգի մի մասը, որն այժմ հարձակվել է ադրբեջանական մտավորականության այն ներկայացուցիչների վրա, ովքեր չեն ընդունում ռասայական այդ խտրականությունը:
Մինչեւ ե՞րբ են Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը ներելու Ադրբեջանին` մի երկրի, որի գործողություններն ու կարգը դեմ են եվրոպական մարդասիարական եւ ժողովրդավարական արժեքներին: Ֆրանսիայի հայկական կազմկերպությունները համակարգող խորհուրդը խնդրում է Ֆրանսիային հնարավորինս արագ անհրաժեշտ միջոցներ կիրառել` ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:
Հիշեցնենք, որ Աքրամ Այսլիի «Քարե երազներ» ստեղագործությունն Ադրբեջանում վրդովմունք է առաջացրել: Նրան զրկել են «ազգային գրող» կոչումից եւ նախագահական նպաստից: Արդեն քննարկվում է գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը: Ավելին` Աքրամ Այլիսլիի աղմկահարույց գրքի շուրջ կրքերը եւ միջնադարյան բնույթ են կրում: Իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կպարգեւատրեն նրան, ով կկտրի գրողի ականջը:




























