Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն, այսօր` փետրվարի 13-ին, հանդիպել է Եվրամիության փորձագետ Լորի Մաննի հետ՝ քննարկելու «Խտրականության դեմ» օրենքի՝ դեռեւս մշակման փուլում գտնվող նախագիծը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով ԵՄ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախաձեռնել է խտրական վերաբերմունքի արժանացած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված եւ խտրականության դեմ պայքարի մեխանիզմներ սահմանող նախագիծ: Տիկին Մաննը ներկայացրել է ԵՄ երկրների եւ միջազգային փորձն այս ոլորտում՝ ընդգծելով, որ խտրականության դեմ առանձին օրենք ունենալը լավագույն տարբերակն է:
ԱԺ հանձնաժողովի նախագահը, պաշտպանելով այսօրինակ նախաձեռնության գաղափարն ու խտրականության դեմ պայքարելու սկզբունքները, նախագծի նախնական տարբերակում ամրագրված որոշ մեխանիզմներ համարել է անկատար: Մասնավորապես նա հեղինակներին առաջարկել է այս նախագծով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները համադրել եւ համապատասխանեցնել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների հետ:
ԵՄ փորձագետը քննարկումներում բարձրացված հարցերը վերանայելու պատրաստակամություն է հայտնել եւ ընդգծել, որ սա նոր մանդատով է օժտում Մարդու իրավունքների պաշտպանին, հետեւաբար կառաջացնի որոշ փոփոխություններ համապատասխան օրենքում:
Լորի Մաննը նշել է, որ, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, տեսնում է լավագույն գործընկերներին եւ աջակիցներին: Իսկ «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, նրա բնորոշմամբ, Հայաստանը մեկ քայլ առաջ կտանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Էլինար Վարդանյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույց, բաց է բոլորի համար եւ պատրաստ համագործակցության:
Զրուցակիցները նախնական քննարկումների ու համատեղ ջանքերի արդյունքում նախագիծը բարելավելու վերաբերյալ համաձայնության են եկել:




























