Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի աշխատակազմը եւ արագ արձագանքման խմբերի փորձագետներն այսօր` փետրվարի 13-ին, մասնակցել են ընտրական իրավունքի վերաբերյալ դասընթացին:
Միջոցառմանը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությամբ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, մասնակցել են աշխատակազմի մոտ 40 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների փորձագետներ եւ իրավաբաններ:
Դասընթացի առաջին մասը տեղի է ունեցել փետրվարի 1-ին: ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները եւ արագ արձագանքման խմբերի փորձագետները ուսումնասիրել են ընտրական իրավունքը եւ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին ընթացք տալու եղանակները: Արագ արձագանքման խմբերը կազմավորվել են ենթադրյալ ընտրախախտումների գրանցումն ու հղումը տեղում ապահովելու նպատակով:
«Հասարակության համար անհրաժեշտ է տեղեկանալ ընտրական իրավունքի եւ այլ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների, այդ թվում՝ խաղաղ հավաքների, խոսքի ազատության, արդար դատավարության իրավունքների փոխկապակցվածության մասին: Հուսով եմ, որ այս դասընթացը կնպաստի ՄԻՊ աշխատակազմի` ընտրախախտումների հիմնական տեսակների գնահատման կարողությունների հզորացմանը` ընտրությունների օրն արագ եւ փորձագիտական արձագանք ապահովելու նպատակով», - նշել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, փորձագետ Ավետիք Իշխանյանը, ով վարել է դասընթացները:
Դասընթացը նաեւ նպատակ ուներ աջակցելու ՄԻՊ գրասենյակի եւ արագ արձագանքման խմբերի փորձագետների աշխատանքի առավել արդյունավետ համակարգմանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նաեւ աջակցել է ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի գործունեության վերաբերյալ սոցիալական հոլովակի պատրաստմանը, որը հեռարձակվում է փետրվարի 1-ից:
Դասընթացը եւ սոցիալական հոլովակը 1.7 միլիոն եվրո բյուջե ունեցող Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացման ծրագրի մաս են կազմում, որն իրականացնում, են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ֆինանսավորվում` ԵՄ-ն:




























