Բրյուսելում, փետրվարի 4-7-ին, կայացել է Հայաստան-Եվրամիություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եվրոպական պատվիրակության ղեկավարը եղել է եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը:

Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել են բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ: Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ պետական գնումներին, կայուն զարգացմանը, մաքսային հարցերին, առեւտրի տեխնիկական խոչընդոտներին եւ կանոնակարգման թափանցիկությանն առնչվող մի քանի բանակցային տեքստեր համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ: Էական զարգացումներ են գրանցվել նաեւ մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման փոխադարձ առաջարկների, ինչպես նաեւ ծառայությունների առեւտրի ազատականացման առաջարկների բանակցություններում:

Բանակցային փուլի վերջում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվել են բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելու վերաբերյալ կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները: ԽՀԱԱԳ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա սույն թվականի ապրիլին` Երեւանում: Բանակցային այս փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները դեռեւս չհամաձայնեցված բանակցային տեքստերի նախագծերի, ինչպես նաեւ մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման եւ ծառայությունների առեւտրի ազատականացման վերանայված փոխադարձ առաջարկների շուրջ: