«Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» նոր օրինագծում, որը ներկայացված է Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանը, փոփոխություններ չեն մտցվել, ինչը հիմք կհանդիսանա, որ երկրի Սահմանադրական խորհուրդն այն կրկին հակասահմանադրական ճանաչի: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Նոր օրինագծի հեղինակը կրկին «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն է, ով նախորդ տարի նմանատիպ օրինագիծ էր նախաձեռնել: Օրինագիծը նախկինի պես մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տոգանք է նախատեսում ցեղասպանությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, հերքելու համար:

Վարժապետյանի ներկայացմամբ`Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է, որ երկրի կառավարությունը նոր օրինագիծ կմշակի «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին» եւ կներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը: «Մենք սպասում ենք խոստման կատարմանը»,-ասաց Վարժապետյանը:

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել էր ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մինչ այդ Վալերի Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունել էր Ստորին պալատը` Ազգային ժողովը: Որոշումն իսկական խուճապ  էր առաջացրել Թուրքիայում: Սակայն փետրվարի վերջին  Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարել էր հակասահմանադրական, քանի որ այն «սպառնում էր խոսքի ազատությանը»:

Իրադարձություններն ընթանում էին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ, եւ երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, օրինագծի կողմնակիցներն էին: Սահմանադրական խորհրդի վճռից հետո Սարկոզին կառավարությանը հանձնարարել էր նոր օրինագիծ մշակել, սակայն մարտի սկզբին խորհրդարանը ընտրությունների հետ կապված դադարեցրել էր աշխատանքները: