NEWS.am-ը ներկայացնում է բրիտանական «The Independent»-ի մոսկովյան թղթակից Շոն Ուոկերի հոդվածը որոշակի կրճատումներով.

Ադրբեջանցի քաղաքական գործիչը դրամական պարգեւ է խոստացել նրան, ով  կկտրի վիճահարույց գրողի ականջը. սա վերջին շրջադարձն է ատելության ենթադրյալ արշավում, որն իրականացվում է երկրի ավտորիտար կառավարության կողմից` հերթական անգամ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար:

Գրող Ակրամ Այլիսլին դժբախտության մեջ է հայտնվել  իր «Քարե երազներ» գրքի պատճառով, որտեղ նա պատմում է  ԽՍՀՄ-ի փլուզման շրջանում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ բռնությունների մասին:  Նրա դեմ արշավ է իրականացվում հեռուստատեսային ծրագրերի եւ պաշտոնական հայտարարությունների միջոցով:

«Գիրքը պետք է պատմեր հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հաշտեցման մասին: Երբ գրում էի, հասկացա, որ դա կարող է վիճաբանություն առաջացնել, սակայն ոչ մի րոպե չէի կարծում,  որ կսկսվի պետական մակարդակով այդ հսկայածավալ արշավը»,- «The Independent»-ին ասել է գրողը:

«Human Rights Watch» -ի  Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնն ասում է. «Ադրբեջանական իշխանությունները պարտավոր են պաշտպանել Այլիսլիին: Դրա փոխարեն նրանք  ջանքեր են գործադրում նրան  վախեցնելու համար` նրան մեղադրելով թշնամական հռետորաբանության մեջ»:

Արշավն իրականացվում է  երկրում անսովոր քաղաքացիական հուզումներից հետո, իսկ Ալիեւը պատրաստվում է առաջադրվել տարեվերջին կայանալիք նախագահական ընտրություններին: Թեեւ նախագահը դեռ պահպանում է  ադրբեջանցիների մեծամասնության աջակցությունը, բայց վերլուծաբանների կարծիքով, Ալիեւի ավտորիտար մեթոդներից դժգոհությունը եւ կառավորող էլիտայի շրջանում տարածված կոռուպցին չեն նպաստում ռեժմի հեղինակությանը:

«Ադրբեջանում ինչ-որ բան որոշակիորեն փոխվում է: Առաջին անգամ հազարավոր մարդիկ դուրս են գալիս բողոքի ակցիայի: Սա կառավարության հին խաղն է` ազգային խաղաքարտերը շահարկելով` հասնել աջակցության»,-ասել է բլոգեր եւ ակտիվիստ Էմին Միլին: