Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը բուժման լրացուցիչ՝ շատ բարդ եւ դժվար կուրս է անցնում, ասել է հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն Կուբայից վերադառնալուց հետո, որտեղ էլ հենց վիրահատվել ու բուժում է ստանում լատինամերիկյան պետության ղեկավարը:

 «Դուք գիտեք, որ դեկտեմբերին եւ հունվարին մենք դժվարին պահեր ենք ապրել, այժմ կոմենդանտեն բուժման լրացուցիչ կուրս է անցնում: Նա պահպանում է մարտական ոգին, բայց դա շատ բարդ բուժում է», - ասել է Մադուրոն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, նախորդ տարվա հոկտեմբերին Չավեսը հաղթել էր նախագահական ընտրություններում, սակայն դեկտեմբերի սկզբին համաքաղաքացիներին հայտնել էր, որ ուռուցքաբանական եւս մեկ վիրահատության համար ստիպված է Կուբա մեկնել: Տարվա ընթացքում չորրորդ վիրահատությանը նա ենթարկվել է դեկտեմբերին Հավանայում: Վիրահատությունը շարունակվել էր վեց ժամ, վիրահատական բարդություններ էին ծագել՝ ուժեղ արյունահոսության տեսքով: Հիվանդի մոտ շնչուղիների ինֆեկցիա է գրանցվել: Կուբա մեկնելու պահից ի վեր Չավեսը ոչ մի անգամ հեռուստատեսության եւ ռադիոեթերում չի հայտնվել: