«Նարոդնա Ռադա» կազմակերպությունը դիմել է Ուկրաինայի 4500 հասարակական կազմակերպությունների միավորմանը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը կանխելու միջոցներ ձեռնարկել: Ուղերձում, որը մեջբերում է Analitika.at.ua-ը, մասնավորապես ասված է.
«Վերջին ժամանակներում պաշտոնական Բաքվի, Ադրբեջանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների կողմից հաճախացել են Ստեփանակերտի միջազգային օդանավակայանի բացման շուրջ սադրիչ հայտարարությունները:
Չեն կարող չանհանգստացնել պաշտոնական Բաքվի անհիմն հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանի ՀՕՊ ուժերը իբրեւ թե իրենց օդային տարածք ապօրինաբար ներխուժած քաղաքացիական օդանավերը կործանելու հրահանգ ունեն:
Նշենք, որ դա ԼՂՀ-ում միակ օդանավակայանն է, որի աշխատանքի վերսկսումը էականորեն կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
ԵԱՀԿ-ին եւ համաշխարհային հանրությանը խնդրում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել, որպեսզի զերծ մնան ողբերգական հետեանքներով հղի գործողություններից, ջանքեր գործադրեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ կայուն, ծաղկուն տնտեսությամբ տարածաշրջանի ստեղծման ուղղությամբ»:




























