2010թ. Իսրայելի բանտում մահացած խորհրդավոր «X բանտարկյալի» մահվան շուրջ սկանդալի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել Իսրայելը՝ խոստովանելով միայն օտարերկրացուն բանտում պահելու փաստը:

Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 2010թ. բանտում կալանավոր է ինքնասպան եղել, որի անունը անվտանգության նկատառումով չի հաղորդվում: Միայն նշվել է, որ նա երկքաղաքացիություն է ունեցել:

Ավստրալական մամուլը շաբաթվա սկզբին տվյալներ էր հրապարակել «X բանտարկյալի»՝ Մելբուրնի 34-ամյա բնակիչ Բեն Զայգերի մասին: 2000-ականների սկզբին նա տեղափոխվել էր պատմական հայրենիք, որտեղ ամուսնացել էր, հետո ընդգրկվել «Մոսսադում»:

2009-ին վերադարձել էր Ավստրալիա՝ Մոնաշի համալսարանում սովորելու, որտեղ ուսանողների փոխանակման համակարգ էր գործում: Նա մի քանի անգամ փոխել է փաստաթղթերը: Տարբեր  ժամանակներում նա հանդես է եկել Բեն Ալոն, Բեն Ալեն եւ Բենջամին Բերովս անուններով: Այդ հորինված անուններով նա այցելել է Իրան, Սիրիա եւ Լիբանան: Եվ ոչ միայն նա, երկու այլ ավստրալացի հրեաներ նույնպես: Բոլոր երեքը ավստրալական հետախուզական ASIO կազմակերպության տեսադաշտում են եղել:

Ենթադրություն կա, որ Զայգերը ASIO-ի մոտ «ծակվել» եւ «Մոսսադի» մասին գաղտնի տեղեկություններ է հաղորդել, կամ էլ համաձայնել է կրկնակի գործակալ դառնալ, հետո բացահայտվել է եւ կալանավորվել, հնարավոր է նաեւ՝ սպանվել:

Ավստրալիայում Զայգերի ազգականներն ու ընկերները պահանջում են հետաքննել նրա կալանավորման եւ մահվան հանգամանքները: Այդ հանգամանքներով հետաքրքրված են նաեւ Ավստրալիայի իշխանությունները: Որոշ տվյալներով՝ Իսրայելի դեսպանը հրավիրվել է Ավստրալիայի ԱԳՆ բացատրություն տալու: