Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցությունը կրում է պլանային բնույթ եւ հետեւողականորեն զարգանում է: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Չաք Հեյգելի հայտարարությունը, որը վերաբերում է պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ոլորտում լավ հարաբերություններ են ստեղծվել, որի վկայությունը նախորդ տարի Հայաստանի ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի այցն էր ԱՄՆ:
«Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ համագործակցությանը»,-ընդգծել է խոսնակը:
Ավելի վաղ նախկին սենատոր, ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Չաք Հեյգելը կոչ է արել ռազմական ոլորտում ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա խոստացել է, որ նախարար նշանակվելու դեպքում կշարունակի ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը եւ աջակցել Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացմանը:




























