Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնվել է կասկածի տակ` նախկին ոստիկանության սպա Քրիսթոֆեր Դորների մահվան գործով: Պաշտոնական վարկածով, շրջափակման մեջ գտնվող հանցագործն ինքնասպան է եղել, իսկ ոստիկանների տարածած արցունքաբեր գազն ինքնաբռնկվել է եւ հանգեցրել հրդեհի: Սակայն համացանցում հայտնված ոստիկանական ռադիոզրույցները ստիպում են կասկածել պաշտոնական հայտարարությունների մեջ:

«Օքեյ, մենք կգործենք պլանի համաձայն… վառել.. ինչպես պայմանավորվել ենք… Յոթ նռնակ ենք օգտագործել, բռնկում կա: հասկացա, բռնկում կա… Լավ է վառվում… Եւ թող..»,- ասվում է YouTube-ում հայտնված տեսագրության մեջ, որը ոստիկանների բանակցություններն են` արված Բիգ Բեարում, հատուկ գործողության ժամանակ, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ Դորները, ով աշխատանքից ազատվել էր 2008թ., գործընկերոջ դեմ կեղծ ցուցմունք տալու համար, պատերազմ էր հայտարարել նախկին ընկերներին: Նա 40 հոգանոց ցուցակ էր կազմել, թե ում պիտի սպանի: Փետրվարի 3-ին նա սպանել էր նախկին գործընկերոջ դստերն ու նրա փեսացուին, փետրվարի 7-ին սպանվել էր Մայքլ Քրեյնը, իսկ վերջին զոհը հատուկ գործողության ժամանակ սպանված Ջերեմի ՄքՔեյն էր` Սան Բեռնարդինո շրջանի շերիֆի տեղակալը:

«Մենք միտումնավոր ոչինչ չենք հրդեհել»,- ասել է Սան-Բեռնարդինոյի շերիֆը` հերքելով տարածված տեղեկությունները: